«Եվրամիությունը մշակում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ՝ 17-րդ փաթեթը և նոր սահմանափակումների ներդրումը համակարգում է ամերիկյան իշխանությունների հետ»,- Վաշինգտոնում ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպումից հետո հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն։ Իր հերթին հանրապետական սենատոր Գրեհեմը հայտարարել է, որ ԱՄՆ-ի խորհրդարանի վերին պալատը կաջակցի «ջախջախիչ» պատժամիջոցների ներդրմանը, եթե Մոսկվան հրաժարվի դադարեցնել ՈՒկրաինայի դեմ պատերազմը։                
 

«Պրոֆեսիոնալ դիվանագետները չե՞ն նախանձում մշակույթի գործիչներին, որոնք երբեմն ավելի են հաջողում մշակութային դիվանագիտության մեջ»

«Պրոֆեսիոնալ դիվանագետները չե՞ն նախանձում մշակույթի գործիչներին, որոնք երբեմն ավելի են հաջողում մշակութային դիվանագիտության մեջ»
04.07.2017 | 10:02

Երևանի «Ոսկե ծիրան» ՄԿՓ-ն, ի թիվս այլ գործընկերների, սերտ համագործակցության մեջ է Հայաստանում միջազգային առաքելություն իրականացնող դիվանագիտական կառույցների հետ: Փառատոնին նախորդած հերթական մամլո ասուլիսի բանախոսներն էին «Ոսկե ծիրանի» գեղարվեստական տնօրեն ՍՈՒՍԱՆՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան ՄԱԹԻԱՍ ՔԻՍԼԵՐԸ, ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության մշակույթի խորհրդական ԱԼԵՔՍ ԲՈՐՏՈԼԱՆԸ և ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության մշակութային բաժնի կցորդ ՄԵԼԻՆԵ ԵՂՈՅԱՆԸ:
Ասուլիսի բանախոսները ներկայացրին իրենց արդյունավետ համագործակցությունը, որն արդեն երկարամյա պատմություն ունի:


Դիվանագիտական կառույցի ներկայացուցիչները մանրամասնեցին, թե իրենց երկրների ինչ ֆիլմեր են ցուցադրվելու կինոփառատոնի օրերին, ինչպիսի վարպետության դասեր են վարելու իրենց հայրենակիցները հայ կինոսերների և մասնագետների համար:
Սուսաննա Հարությունյանը տեղեկացրեց, որ «Ոսկե ծիրանում» ներկայացված են լինելու նաև այլ երկրներ՝ Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը, Բրազիլիան:
«Իրատեսը» հետևյալ հարցն ուղղեց բանախոսներին.
-Պրոֆեսիոնալ դիվանագետները չե՞ն նախանձում մշակույթի գործիչներին, որոնք երբեմն ավելի են հաջողում մշակութային դիվանագիտության մեջ:


Մաթիաս Քիսլերը պատասխանեց.
-Անկեղծ ասած՝ որևէ տարբերություն չեմ տեսնում մեր երկրների միջև եղած քաղաքական և մշակութային հարաբերություններում: Մենք բոլոր ճակատներում հավասարապես ենք աշխատում: Ձգտում ենք Հայաստանի հետ խորացնել թե՛ մշակութային, թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական կապերը: Հատկապես այս տարի, երբ մենք նշում էինք հայ-գերմանական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Հայ-գերմանական մշակութային կապերի ոլորտում մի նոր առաջընթաց քայլ է գրանցվելու շուտով. Երևանում բացվելու է Գյոթեի ինստիտուտի կենտրոնը: Վերջերս մենք ինստիտուտի նախագահին հյուրընկալեցինք Հայաստանում: Այցի շրջանակներում կայացան նաև մի շարք հանդիպումներ բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ: Պետք է ասեմ, որ Գերմանիան շատ է կարևորում Գյոթեի ինստիտուտի ներկայությունը Հայաստանում, քանի որ դա էապես կնպաստի մեր մշակութային կապերի խորացմանը: Ի թիվս այլ ծրագրերի՝ ինստիտուտի առաքելությունը լինելու է հետագայում ևս «Ոսկե ծիրանին» աջակցելը:


Ալեքս Բորտոլանի պատասխանն էլ այսպիսին էր.
-Ճիշտ է, մշակութային համագործակցությունը շատ մեծ դեր ունի հայ-ֆրանսիական հարաբերություններում, բայց այն միակը չէ: Մենք ունենք շատ զարգացած, ապակենտրոնացած համագործակցություն բոլոր բնագավառներում: Մեր կապերը խոր են և բազմազան: Մենք ունենք համագործակցություն նաև լեզվաբանական ոլորտում. Հայաստանը դարձել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիիրավ անդամ: Մեզ համար մեծ ուրախություն է ու պատիվ աշխատել Հայաստանում: Բայց եթե ուշադիր հետևենք մեր դեսպանության կայքին, կտեսնենք, որ իսկապես Դուք ճիշտ եք. միջոցառումների մեջ շատ են այնպիսիք, որոնք կապված են մշակութային համագործակցության հետ: Մշակութային դիվանագիտությունը մեծ դիվանագիտության կարևոր մասն է:
Մանրամասները՝ այստեղ:


Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 3802

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ